Հիմնադիրների պատմությունը:

Հիշում եմ՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներից մեկն էր, ես այդ օրը կամավոր էի. ինձ մոտեցավ մի արև՝ շիկակարմիր, գանգուր մազերով և ձյունի պես սպիտակ երեսով, աչքերի տակը մի քիչ սևացել էր, բայց նա անընդմեջ ժպտում էր, մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս և ասաց «արի իրար հետ բաժանենք բալիկների նվերները …»։ Գանգրահեր արևի անունը Արփինե է… նա ուներ մասնակի կարմիր բջջային ապաճ (ապլազիա) հիվանդության բնածին ձևը՝ վաղ մանկական հասակում հազվադեպ հանդիպող Բլեկ‎ֆան-Դայմոնդի  սակավարյունություն։

Նման ախտորոշում ամբողջ աշխարհում ունի ընդամենը 800-850 մարդ։ Փոքրիկին հարկավոր էր ոսկրածուծի փոխպատվաստում, իսկ ընտանիքը չուներ այդ միջոցները։ Ամեն օրը ճակատագրական էր, Արփինեն կարող էր մահանալ։ Անկարողության զգացումը խեղդում էր ինձ, մի պահ հարց տվեցի ինքս ինձ՝ «քանի-քանի նման երեխաներ կան, ովքեր ունեն մարդկանց օգնության կարիքը, քանի-քանիսն են իրենց ծնողների հետ մնում անօգնական և միայնակ պայքարում պատուհասած դժբախտության դեմ»։